Արտադպրոցական կրթության ոլորտում ատեստավորված մանկավարժների հավելավճարները կլինեն տարբեր

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ:

 

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Կրթության մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները փետրվարի 10-ի նիստում ներկայացնելիս: Նշվել է, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան երաժշտական եւ արվեստի դպրոցների դաշնամուրի եւ երաժշտության տեսության ուսուցիչները, մարզադպրոցների ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչ-մանկավարժները: Տարվա ընթացքում նախատեսվում է նաեւ երկրորդ փուլով ատեստավորում, ինչը մասնակցելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի մյուսներին: Նախարարի կարծիքով եկող տարվանից համակարգն ամբողջությամբ ատեստավորման դիմելու եւ մասնակցելու հնարավորություն կունենա:

 

«Ցանկանում ենք արդյունավետ ու սահուն այս համակարգի կիրառումն իրականացնել ու ավարտել 2026-2027 թվականներին, ու երկրորդ փուլով աշխատավարձը բարձրացնելու եւ ութ հարյուր հազարից մեկ միլիոն հասցնելու հնարավորություն տալ մանկավարժներին». հարակից զեկույցում ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ