ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ոստիկանները ծեծի են ենթարկել ու խոշտանգել անչափահաս ուսանողներին և փաստաբաններին. պատգամավոր

 Երեկ գիշեր ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 

«Առավոտյան էլ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյանի ասուլիսից պարզվեց, որ հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ է բռնություն գործադրվել, սպառնացել և հայհոյել են նրանց մասնագիական գործունեությունը կատարելիս:

 

Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը. ինչը դատապարտելի է և պետք է հետևի անխուսափելի պատիժ ինչպես ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ՝ Էրեբունու ոստիկանապետին:

 

Շտապ գրություններ եմ պատրաստում ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում:

 

Լուսանկարը ստոպ կադր է, որտեղ երևում է անչափահաս տղայի՝ ծեծի հետևանքով պատռված հագուստն ու փոշոտ շորերը, որոնք նրան գետնին տապալելու հետևանք են...»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ