ՀՀ քաղաքացիության համար դիմել է 25.000 մարդ

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2022 թվականին դիմել է ավելի քան 25.000 մարդ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

 

«Վերջին տարիներին հայրենադարձության տեմպն աճել է, ինչը շատ ուրախալի է։ Քաղաքացիություն ստանալու համար դիմողների թվի այս ցուցանիշը 1991 թվականից ի վեր ամենամեծն է»,– ասաց Ալեքսանյանը։

 

Ալեքսանյանը ընդգծեց,  որ վերջին 3-4 տարում աշխարհի 40-45 երկրից դիմել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, վերադարձել են Հայաստան և մշտական բնակություն հաստատել։ Ըստ Ալեքսանյանի` հայրենադարձության շնորհիվ լուծվում է նաև հայապահպանության խնդիրը, քանի որ օտար երկրներում ձուլման վտանգ կա։

 

Հայրենադարձների խնդիրները չեն ավարտվում միայն հայրենիք տեղափոխվելով և քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալով, նշեց նա։ Հաճախ պետական լիազոր մարմնին դիմելիս խնդիրներ են առաջանում երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելիս, աշխատանք փնտրելիս, մաքսային գոտով անձնական իրերի տեղափոխման հարցի ժամանակ և այլն։ Խնդիրների լուծման առումով Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը համագործակցում է պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակական դաշտում աշխատող կազմակերպությունների հետ։

 

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հայրենադարձության և ինտեգրման հարցերով դիմել է շուրջ 300 մարդ։ Հայրենադարձության գրասենյակը 2022 թվականին ստացել է շուրջ 10.000 դիմում` հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող։ Ալեքսանյանի պնդմամբ` գրասենյակի պատմության մեջ դա աննախադեպ ցուցանիշ է, և այն այս տարի էլ շարունակվելու տենդենց ունի։

Քաղաքականություն

Պատահարներ