Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ 

 

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: 

 

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը: 

 

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Քաղաքականություն

Պատահարներ