Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը. Թովմասյանը գրություն է ուղարկել

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին` ահազանգելով այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորը։

 

Նա գրության մեջ ընդգծել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը՝ շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

 

«Ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ` խնդրել եմ իրենց մանդատի շրջանակներում նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը, ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը»,– գրել է Թովմայսանը։

 

Նշենք, որ դատարանը բավարարել էր Հայաստանի` ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

 

Քաղաքականություն

Պատահարներ