Հաջողվել է սահմանափակել կարմրուկի երկրորդային շղթան․ Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել

Կարմրուկի տեղական բռնկում ունենք, հաջողվել է երկրորդային շղթան սահմանափակել: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Վարակը դրսից է բերվել, իրականացնում ենք աշխատանքներ՝ հայտնաբերելու նաև այլ տեղերից հնարավոր ներթափանցումները։ Առաջիկա օրերին մեր հայտնաբերման շրջանակը մեծանալու է։ Մեզ հաջողվել է երկրորդային շղթան սահմանափակել և թույլ չտալ տարածվելու։ Ակտիվ հակահամաճարակային աշխատանքները պետք է թույլ տան կանխել տարածումը»,-ասել է նախարարը։

 

Իր խոսքով՝ կարմրուկը բավականին վտանգավոր և խիստ վարակիչ հիվանդություն է։ Թե երեխաների, թե մեծերի մոտ կարող է ունենալ բարդ ընթացք։ Մահվան դեպքեր կարող են լինել, եթե պացիենտը ժամանակին չստանա համապատասխան ամբողջական դեղորայքային կուրսը։

 

«Երկու դեղաչափով պատվաստված անձը 98 տոկոսից ավելի պաշտպանվածության շեմ ունի։ Եթե մեր քաղաքացիները ունեն երեխաներ, որոնք բաց են թողել պատվաստումները, դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն։ Պատվաստանյութերը անվտանգ են և որակյալ։ Առաջին դեղաչափը 1 տարեկանում է, երկրորդը՝ 4-ից 6 տարեկանում։ Բայց քանի որ կան բռնկումներ, խորհուրդ ենք տալիս 4 տարեկանում անել պատվաստումը»,-ասել է նա։

 

Ըստ Ավանեսյանի՝ դեպքերի թիվը, լոկալիզացիան հուշում են, որ սա տեղական բռնկում է․ «Մենք ունենք լավ պատվաստման շեմ, հանրային իմունիտետի շեմ։ 6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 2022 թվականի տվյալներով 95 տոկոս է։ Կա 5 տոկոս երեխաներ և մեծահասակների մի խումբ, որոնք պատվաստված չեն և կարող են վարակը վերցնել»։

Քաղաքականություն

Պատահարներ