Կրեմլը` Վրաստանում տեղի ունեցողում ՌԴ մասնակցության մասին

 Օտարերկրյա գործակալների մասին վրացական օրենքը ոչ մի առնչություն չունի Ռուսաստանի հետ: Ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելկել է, որ օրինագիծը նախաձեռնվել է հենց Վրաստանի իշխանությունների կողմից։

 

Ավելին, Պեսկովը նշել է, որ ինչ-որ մեկը ջանասիրաբար փորձում է «հակառուսական էլեմենտներ» ավելացնել տեղի ունեցողին, Կրեմլը ուշադիր և մտահոգությամբ է հետևում այդ սադրանքներին։ Նա նաև նշել է, որ Վրաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ սադրանքների ռիսկեր, անշուշտ, կան.

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի քննարկումը: 

Նախագծին կողմ է քվեարկել 1 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 58։

 

Հավելենք նաև, որ օրինագիծը ընկալվել է որպես «ռուսական օրենք»` շեղում եվրոպական կուրսից:

 

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։ Ինչին հաջորդեցին զանգվածային ցույցերն ու անկարգությունները: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները հորդորեցին վրաց կառավարությանը հրաժարվել օրենքի ընդունումից:  Երեկ արդեն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը բողոքների համատեքստում որոշում կայացրեց խորհրդարանից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչի մասին։ 

 

Ցուցարարները` չհավատալով երկրի իշխանության խոսքին, երեկ ևս հավաքվեցին ցույցի ու պահանջեցին նաև Վրաստանի գործող իշխանության հրաժարականը: Այսօր ևս հարյուրավոր ցուցարարներ խորհրդարանի մուտքի մոտ սպասում էին, թե ի վերջո ինչ որոշում կկայացնեն պատգամավորները:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ