Պուտինը՝ աղքատացված ուրանի ու Ռուսաստանի հետագա գործողությունների մասին

ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինա մատակարարվող սպառազինությունից որոշակի վտանգ կա, և Մոսկվան տեղյակ է այդ մատակարարումների մասին: Կիևին մատակարարվող աղքատացված ուրանով արկերին Ռուսաստանը պատասխանելու բան ունի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ ՌԴ-ում հարյուր հազարներով այդպիսի արկեր կան, բայց դրանք դեռ չեն կիրառել։ 


«Իհարկե, վտանգներ կան, երբ մի երկրի, որի հետ մենք հակամարտության մեջ ենք, զենք են մատակարարում, դա միշտ էլ սպառնալիք է,-ասել է Պուտինը,-ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսին են դրանք մեզ համար, ինչպես պետք է գնահատել դրանք, իհարկե, մենք տեսնում ենք, լսում ենք, գիտենք այդ մատակարարումների ծրագրերի մասին»,-ասել է Պուտինը «Ռոսիա–24» հեռուստաալիքի եթերում Պավել Զարուբինի հետ զրույցում։ 
 

Նրա խոսքով՝ աղքատացված ուրանից պատրաստված միջուկներն այսպես թե այնպես ճառագայթային փոշի են առաջացնում, բայց դասվում են մարդու համար ամենավնասակար և վտանգավոր զենքերի թվին։ 
«Ոչ միայն մարտական գործողությունների մասնակիցների, այլև շրջակա միջավայրի համար։ Այդ տարածքում ապրող մարդկանց համար․․․ Փորձագետները հաստատում են, որ Հարավսլավիայում և Իրաքում կիրառումից հետո տեղի բնակչության մոտ մի քանի անգամ աճել է ուռուցքային հիվանդությունների թիվը»,-ավելացրել է Պուտինը։ 


Նա ասել է նաև, որ Ռուսաստանը Բելառուսին միջուկային զենք չի փոխանցում, այլ անում է այն, ինչ մեկ տասնամյակ շարունակ անում էր ԱՄՆ-ն։ 
«Մենք ընդհանուր առմամբ նույն բանն ենք անում, ինչ նրանք անում էին մեկ տասնամյակ։ Նրանք որոշակի երկրներում դաշնակիցներ ունեն, այնտեղ էլ պատրաստում են թե՛ կրիչները, թե՛ անձնակազմերը։ Մենք ճիշտ նույն բանն ենք պատրաստվում անել։ Հենց այս մասին էլ խնդրել է Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն)»,-ասել է Պուտինը։ 


Նա ավելացրել է, որ հուլիսի 1-ին կավարտվի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։ 
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան աղքատացված ուրանով զինամթերք կփոխանցի Ուկրաինային: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին էլ վստահեցրել էր, որ ԱՄՆ–ն աղքատացված ուրանով զինամթերք չի ուղարկի Ուկրաինա։ Նա միաժամանակ նշել էր` իրենք համոզված են, որ դրանք ռադիոակտիվ սպառնալիք չեն ներկայացնում, Կիրբիի խոսքով, այն սովորական սպառազինություն է և արդեն տասնամյակներ շարունակ կիրառվում է։ 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այդ նախաձեռնությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքը սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել։ 

 

Քաղաքականություն