ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուդանում բախումները շարունակվում են․ կան զոհեր և շուրջ 600 վիրավորներ

Սուդանի մայրաքաղաք Հարթումում մինչև կիրակի վաղ առավոտից շարունակվում են մարտերը Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) և կանոնավոր բանակի միջև, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ և շուրջ 600-ը վիրավորվել է, հաղորդում է AFP-ն։

 

Ըստ վկաների, Հարթումի ամայի փողոցներում պայթյուններ են որոտացել և հրաձգություն է սկսվել այն բանից հետո, երբ ԱԱՈՒ-ն հայտարարել է, որ  նախագահի նստավայրը, Հարթումի օդանավակայանը և այլ կենսական կարևորություն ունեցող օբյեկտներ իրենց վերահսկողության տակ են։ 

 

Բանակը հերքել է այդ հայտարարությունը, իսկ Սուդանի ՌՕՈՒ-ն շաբաթ երեկոյան արած իր հայտարարության մեջ կոչ է արել բնակչությանը տանից դուրս չգալ, քանի որ իրենք շարունակում են օդային հարվածներ իրականացնել ԱԱՈՒ բազաների վրա։

 

Վկաների հաղորդմամբ, շաբաթ բախումներ են եղել Հարթումի քույր քազաք Օմդուրմանի պետական ԶԼՄ-ների շենքի շրջակայքում։ Ուրիշները պատմում էին Դարֆուրի շրջանում և այլ վայրերում տեղի ունեցած բախումների մասին։

 

Դարֆուրին սահմանակից Չադը հայտարարել է, որ փակում է իր սահմանը «այս վտանգավոր իրավիճակի» պատճառով։

 

Բռնությունը բռնկվել է ռազմական առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և նրա տեղակալ՝ ԱԱՈՒ հրամանատար Մոհամեդ Համդան Դագլոյի միջև մի քանի շաբաթ շարունակվող լարվածության սաստկացումից հետո՝ կապված կանոնավոր բանակում ԱԱՈՒ-ի նախատեսվող ինտեգրման հետ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին։

 

Արաբական պետությունների լիգան՝ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով, կիրակի շտապ նիստ կանցկացնի Սուդանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

 

Համանման կոչեր են հնչել աֆրիկական և արաբական բլոկներից, Եվրամիությունից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից ու Իրանից։

Քաղաքականություն