SpaceX-ը ավտոբուսի չափով հեռահաղորդակցության արբանյակ կուղարկի ուղեծիր

Ապրիլի 27-ին Falcon Heavy հրթիռը գեոստացիոնար ուղեծիր կուղարկի ViaSat-3 Americas արբանյակը՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ ինտերնետ ապահովելու համար, չորեքշաբթի հայտնել են SpaceX ընկերությունից։

Falcon Heavy հրթիռի՝ 6,7 տոննա քաշով, ավտոբուսի չափսով ViaSat-3 Americas արբանյակի արձակումը նախատեսվում է իրականացնել Քենեդիի տիեզերական կենտրոնի արձակման համալիրից (Ֆլորիդա): Հրթիռի արձակումը կսկսվի Երևանի ժամանակով ապրիլի 27-ին՝ 02:29-ին: 

Արբանյակը Կալիֆորնիայի ViaSat Inc ընկերության Ka-band գլոբալ ծածկույթի համակարգի նոր սերնդի երեք սարքերից առաջինն է, որոնք ընդհանուր թողունակության առումով երկու անգամ գերազանցում են ուղեծրում գտնվող բոլոր առևտրային ինտերնետ արբանյակների հզորությունը:

Դրանցից յուրաքանչյուրը կտրամադրի վայրկյանում մեկ տերաբայթից ավելի ցանցի թողունակություն: Սարքի ծառայության ժամկետը 15 տարի է։ 

Երկրորդ ViaSat-3 արբանյակը, որը ընկերությունը նախատեսում է արձակել ավելի ուշ, ծածկելու է Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան, իսկ երրորդ արբանյակը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ 

Արբանյակները նախատեսված են մասնավոր օգտատերերին, առևտրային ընկերություններին, ինչպես նաև պետական ​​և պաշտպանական կառույցներին բարձր արագությամբ լայնաշերտ հաղորդակցություն ապահովելու համար: 

Որպես երկրորդական բեռ, հրթիռը ուղեծիր կարձակի նաև Astranis-ի MicroGEO մինի կապի արբանյակը և Gravity Space-ի GS-1 Earth հեռահար զոնդավորման արբանյակը:

Քաղաքականություն

Պատահարներ