SpaceX-ի գերարագ ինտերնետ ապահովող արբանյակը ուղեծիր է արձակվել

Falcon Heavy հրթիռը ViaSat-3 Americas արբանյակի հետ ուղեծիր է արձակվել՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ ինտերնետ ապահովելու համար։ Այս մասին հայտնում է SpaceX ընկերությունը։

Falcon Heavy հրթիռի արձակումը 6,7 տոննա կշռող ավտոբուսի չափի արբանյակով իրականացվել է Ֆլորիդայի տիեզերակայանից կիրակի 20:26-ին՝ Երևանի ժամանակով երկուշաբթի ժամը 04:26-ին: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արբանյակը Կալիֆորնիայի ViaSat Inc ընկերության Ka-band գլոբալ ծածկույթի համակարգի նոր սերնդի երեք սարքերից առաջինն է, որոնք ընդհանուր թողունակության առումով երկու անգամ գերազանցում են ուղեծրում գտնվող բոլոր առևտրային ինտերնետ արբանյակների հզորությունը:

Դրանցից յուրաքանչյուրը կտրամադրի վայրկյանում մեկ տերաբայթից ավելի ցանցի թողունակություն: Սարքի ծառայության ժամկետը 15 տարի է։ 

Երկրորդ ViaSat-3 արբանյակը, որը ընկերությունը նախատեսում է արձակել ավելի ուշ, ծածկելու է Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան, իսկ երրորդ արբանյակը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ 

Արբանյակները նախատեսված են մասնավոր օգտատերերին, առևտրային ընկերություններին, ինչպես նաև պետական ​​և պաշտպանական կառույցներին բարձր արագությամբ լայնաշերտ հաղորդակցություն ապահովելու համար: 

Որպես երկրորդական բեռ, հրթիռը ուղեծիր կարձակի նաև Astranis-ի MicroGEO մինի կապի արբանյակը և Gravity Space-ի GS-1 Earth հեռահար զոնդավորման արբանյակը:

Քաղաքականություն

Պատահարներ