Խաղաղության պայմանագրի կենսունակությունը երաշխավորող կողմ պետք է լինի. Խանդանյան

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի կենսունակությունը երաշխավորող մեխանիզմների կարիք է տեսնում, դա կարող է լինել միջազգային կազմակերպությունների կամ երկրների երաշխավորման տեսքով: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

 

«Չեմ կարծում, թե այս բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին: Սակայն պետք է սպասել բանակցությունների ավարտին»,-ասել է Խանդանյանը: 

 

Բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ: Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, Խանդանյանը դրանց արդյունքների մասին խոսելը վաղ է համարում: Նա շեշտեց՝ Հայաստանի խնդիրն ընդհանուր առմամբ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ, ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Խանդանյանը ենթադրում է, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են:

 

«ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը ներկայացրել են, որ, որպեսզի խաղաղության պայմանագիրը կենսունակ լինի, որպեսզի իսկապես ապահովի խաղաղություն, պետք է լինեն որոշակի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն այդ պայմանագրի կենսունակությունը: Հայաստանը և Ադրբեջանը պետք է բանակցեն, և, եթե երկուստեք համաձայնության գան, կլինի: Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է լինի, օրինակ, միջազգային հանրության ակտիվ ներգրավվածություն՝ կլինի միջազգային կազմակերպությունների, թե երկրների երաշխավորման տեսքով»,-ասել է Խանդանյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ