ԵՄ-ից ուղարկված ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներ են «անհետացել»․ Financial Times

2022 թվականին Եվրամիության երկրներից Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան ուղարկված ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ ապրանքները «անհետացել» են Ռուսաստանի տարածքով տարանցման ժամանակ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Հրատարակությունը ստեղծված իրավիճակն անվանում է «ուրվականների առևտուր»։

 

Բաց տվյալների համաձայն՝ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման մեկնարկից հետո ԵՄ երկրներից տարանցման պատրվակով երկու միլիարդ դոլարի ապրանք է ներմուծվել Ռուսաստան։ Միաժամանակ, ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, իրականում ԵՄ-ից Ռուսաստան «ուրվականների առևտրի» ծավալը շատ ավելի մեծ է։

 

Եվրոպական ապրանքների, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող երկակի նշանակության ապրանքների ստացողները, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության մեջ, եղել են Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ընկերությունները։

 

Ռուսաստանին հաջողվել է շրջանցել պատժամիջոցները՝ ԵՄ մաքսային հայտարարագրերում կեղծ ուղղություններ նշելով։ Գրում է Financial Times-ը։ 

 

Այսպիսով, ապրանքները, որոնց արտահանումն արգելված է դեպի Ռուսաստան, ինչպիսիք են ինքնաթիռի բաղադրիչները, օպտիկական սարքավորումները և գազային տուրբինները, ուղղակիորեն երկիր են մուտք գործել Եվրամիությունից՝ պատրվակով, որ դրանք միայն տարանցիկ են եղել Ռուսաստանի տարածքով։

 

«Ուրիշ որտե՞ղ կարող էին գնալ: Ինչու՞ այս երկրներին այս պահին հանկարծ անհրաժեշտ եղան այդ ապրանքները: Տարածաշրջանում ո՞ւմ են ամենաշատը պետք այդ ապրանքները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին»,- ասում է Էստոնիայի պատժամիջոցների նախարար Էրկի Կոդարը:

Հրապարակման մեջ ասվում է, որ նման արտահանման անհամաչափ մեծ մասը Ռուսաստան է գնում Բալթյան երկրներից։

 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանին հարևան երկրները, որոնք չեն աջակցել պատժամիջոցներին, արձանագրել են որոշակի կատեգորիաների ապրանքների ներմուծման կասկածելի կտրուկ աճ։ Ենթադրաբար, նրանք հետո գնացել են Ռուսաստան։ Գերմանական DPA լրատվական գործակալությունը, հղում անելով ԵՄ-ի աղբյուրներին, նշել է Ղազախստանն այն երկրների թվում, որոնց միջոցով արձանագրվում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից խուսափելու դեպքեր։

Քաղաքականություն

Պատահարներ