ԱՄՆ Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զորքերը հայելային հետ քաշել սահմանից

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 11–ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը։

 

«Բռնությունը (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրների առաջնորդներին, որ երբ նրանք հավաքվեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը։

 

Ըստ նրա` զորքերի հայելային հետքաշման հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:

 

Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած բանակցություններին, Պատելը դրանք «կարևոր, դրական քայլ» է անվանել։ Նրա խոսքով` կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարևոր հարցեր, «տեսնել մյուս կողմի տեսակետը»։

 

«Մենք հավատում ենք, որ շարունակում է գոյություն ունենալ ամուր առաջընթացի ճանապարհը։ Մենք կարծում ենք, որ այս խնդրին խաղաղ լուծում կա։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում այդքան խորությամբ զբաղվել այդ հարցով»,–նշել  է Պատելը։

 

Քաղաքականություն