Պատելը մեկնաբանել է Զախարովայի՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն առ այն, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ «նշանակալի առաջընթացի» մասին հայտարարությունները հակասում են ադրբեջանական ու հայկական կողմերի մեկնաբանություններին։

«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու այն մասին, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից։ Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդիրը մի բան է, որում այս գերատեսչությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ: Մենք հավատում ենք, որ կա հստակ ճանապարհ դեպի առաջ։ Մենք ակնհայտորեն ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելում սկսվող այս բանակցությունների շարունակության համար, և մենք թույլ կտանք, որ այդ գործընթացը ընթանա», - ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ Զախարովան, անդրադառնալով Վաշինգտոնյան բանակցությունների մասին ամերիկյան կողմի գնահատականներին, ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ «նշանակալի առաջընթացի» մասին հայտարարությունները հակասում են ադրբեջանական ու հայկական կողմերի մեկնաբանություններին։ Զախարովան նշել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը նշել են «խաղաղության պայմանագրի» առացնքային կետերի վերաբերյալ առկա տարաձայնությունների մասին։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության նախագծի վրա աշխատանքը Բաքվի և Երևանի միջև շարունակվելու է երկկողմ հիմքի վրա։ Տեսնում ենք մեր դերը այդ գործընթանցի աջակցության մեջ։ Դրա համար էլ առաջարկել ենք Մոսկվայի հարթակը բանակցությունների հերթական փուլի համար»,- նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Քաղաքականություն