Թուրք քաղաքական գործիչները վերջին հանրահավաքներն են անցկացրել

Թուրք քաղաքական գործիչները շաբաթ օրը նախընտրական արշավի վերջին հանրահավաքներն են անցկացրել նախագահական եւ խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին, որոնք կարող են որոշել ՆԱՏՕ անդամ երկրի ապագան, տեղեկացրել է The Associated Press-ը։

 

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պետք է ամենադժվար փորձությունն անցնի իշխանությունում երկու տասնամյակ գտնվելուց հետո, հանդես է եկել Ստամբուլի՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքի հանրահավաքներում։

 

Նրա մրցակիցը՝ ձախ կենտրոնամետ Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Քեմալ Քըլըչդարօղլուն, որը վեց ընդդիմադիր կուսակցությունների միակ թեկնածուն է, իր վերջին հանրահավաքն անցկացրել է մայրաքաղաք Անկարայում ուրբաթ, հորդառատ անձրեւի տակ։

 

Ուրբաթ Էրդողանը հերքել է այն ենթադրությունները, թե չի զիջի իշխանությունը, եթե պարտվի՝ այդ հարցն անվանելով «շատ ծիծաղելի»։ Թուրքական տասնյակ հեռարձակողներին տված հարցազրույցում Էրդողանն ասել է, որ «իշխանության է եկել դեմոկրատիայի շնորհիվ եւ կգործի դեմոկրատական գործընթացներին համապատասխան»։

 

«Եթե մեր ժողովուրդն այլ որոշում կայացնի, մենք կանենք հենց այն, ինչ կպահանջի դեմոկրատիան, եւ մենք այլեւս անելու բան չենք ունենա»,- ասել է նա։

 

Էրդողանը շաթան օրը հայտարարել է, որ դիտարկում է ընտրությունները որպես «դեմոկրատիայի տոն մեր երկրի ապագայի համար»։

 

Ընդդիմության արշավը շարունակել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը վերջին հանրահավաքներն է անցկացրել քաղաքում՝ մարդկանց կոչ անելով քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին։

 

Ուրբաթ օրը Քըլըչդարօղլուն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք հավաքվել էին իր եզրափակիչ ելույթը լսելու, խնդրել է կիրակի գնալ քվեարկության, որպեսզի «փոխեն Թուրքիայի ճակատագիրը»։ Նա ասել է, որ պատրաստ է դեմոկրատիան բերել Թուրքիա, որ կհակասի Էրդողանի դիրքորոշմանը, որը վերջին տարիներին ճնշել է այլախոհությունը։

 

Թուրքիայում ընտրողների մասնակցությունն ավանդաբար բարձր է, ինչը վկայում է այն  մասին, որ այստեղ հավատում են երկրի կյանքին քաղաքացիական մասնակցության այս տեսակին, երկիր, որտեղ ճնշվում է խոսքի եւ հավաքների ազատությունը, գրել է ԶԼՄ-ն։

 

Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, մայիսի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը տեղեկացրել է, որ որոշել է, որ թեկնածու Մուհարեմ Ինջեին, որն այս շաբաթ դուրս է եկել ընտրարշավից, տրված ձայները կհաշվարկվեն որպես վավեր, եւ որ ընտրություններից նրա դուրս գալը չի դիտարկվի մինչեւ հնարավոր երկրորդ փուլը։

Քաղաքականություն

Պատահարներ