Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին եռակողմ հանդիպման արդյունքներին հաջորդած իր հայտարարության մեջ ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ 

«Երկու երկրների ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և օրակարգային այլ հարցեր», - ասել է Շառլ Միշելը։ 

 

«Առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու հարգել համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- ասել է նա։

 

Ըստ նրա՝ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն։

ԵՄ խորհրդի նախագահի խոսքով՝ ԵՄ-ն ունի միայն մեկ նպատակ՝ օգնել կողմերին հասնել խաղաղության։ «Այդ նպատակով մենք պայմանավորվեցինք եւս մեկ հանդիպում անցկացնել Բրյուսելում հուլիսին, իսկ մինչ այդ նախատեսվում է եւս մեկ հանդիպում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում»,- ասել է նա։ 

«Մեր մտքերի փոխանակությունը եղել է անկեղծ և բաց: Մենք միասին քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը: Անհրաժեշտ է պահպանել այն թափը, որ վճռական քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:

Քաղաքականություն