«Երկու կողմերն էլ զորքերը պետք է հանեն միմյանց տարածքներից»․ ԵՄ դեսպան

Ցանկանում եմ ընդգծել, որ սա ընթացիկ աշխատանք է, որ ապահովում է առաջադիմություն:  Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը:

 

«Բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն բանակցությունների սեղանին, և եթե զգուշությամբ կարդաք հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է: Մենք, իհարկե, աշխատում ենք գերիների վերադարձի ուղղությամբ բավականին երկար ժամանակ: Կա ձևակերպում, մեջբերում եմ. «Տվյալ անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում»»,- նշել է Անդրեա Վիկտորինը:

 

Վիկտորինը նաև աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով, թե երկու կողմերն էլ զորքերը պետք է հանեն միմյանց տարածքներից:

 

Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության և հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ինչը չափազանց կարևոր է: Սա աշխատանք է, որն ակնկալում է առաջընթաց, և մենք քայլ առ քայլ շարժվում ենք առաջ: Հունիսին ավելի մեծ հանդիպում է լինելու Քիշնևում»,- ասել է նա:

 

Ըստ նրա՝ Բրյուսելում նշվեց՝ 2 կետ կա, որտեղ ՀՀ զորքերն են սահմանային տարածքում, դրանք պետք է դուրս բերվեն, և շատ հստակ սահմանազատում պետք է լինի. դա է եղել ձևակերպումը: «Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այս ամենը կախված է բանակցություններից: Հուսով եմ, որ երեկվա հանդիպումը թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին, հուսով եմ, որ շուտով կհանգենք եզրակացության, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի դուրս բերում»,- նշել է դիվանագետը:

Քաղաքականություն