ՌԴ-ում գտնվող Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է Քըլըչդարօղլուի օգտին

Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի ընտրատեղամասերում քվեարկած Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին (54,47%) սատարել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որոնք երկուշաբթի օրը տարածել է Anadolu գործակալությունը։

 

Երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել է Թուրքիայի քաղաքացիների 38,26%-ը, ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը հավաքել է 4,24%: Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, ստացել է ձայների 3,03%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։

 

Տվյալները ստացվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ընտրատեղամասերից քվեատուփերի 93,75%-ի բացման արդյունքներից։ Ռուսաստանում Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 34,25 տոկոս։ Քվեարկությանը մասնակցել է 4644 մարդ, անվավեր է ճանաչվել 25 ձայն։

 

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվել են կիրակի օրը, ընտրատեղամասերը բաց են եղել 08:00-ից մինչև 17:00-ն: Քվեարկությունը տեղի է ունեցել անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ավելի քան 53 միլիոն մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ