ՀՀ ուղարկվող թմրանյութի գինը 800 մլն եվրո է, այն չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության ներկայացուցիչների

ԱԺ պատգամավոր Ագնեսսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում, ուշադրություն, այն Էկվադորից պետք է հասներ Հայաստան։

Թմրանյութը եղել է բանանի տարաներում, առգրավվել է։ Իտալական մամուլը այն գնահատում է 800 միլիոն եվրո։ Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը եւս մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։

 

Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է և, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում Հայաստանում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)»:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էինք, որ Իտալիայում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որի վերջնակետը պետք է լիներ Հայաստանը։

 

Քաղաքականություն