Իրանը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական աջակիցը. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են իրենց ռազմական համագործակցությունը: 

 

Նրա խոսքով՝ Իրանը «շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական աջակիցը, եւ Իրանն արդեն Ռուսաստանին հրետանային եւ տանկային արկեր է տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար»։ 

 

Պատելն ասել է, որ օգոստոսից ի վեր Իրանը Ռուսաստանին տրամադրել է ավելի քան 400 ԱԹՍ, հիմնականում «Շահեդ» տիպի, եւ Ռուսաստանը սպառել է այդ ԱԹՍ-ների մեծ մասը՝ դրանք օգտագործելով Ուկրաինայի տարածքում ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելու համար։

 

«Այդ համագործակցության խորացումը սպառնալիք եւ վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ռուսաստանի հարեւանների, Իրանի հարեւանների եւ ընդհանրապես միջազգային հանրության համար»,-նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Քաղաքականություն