Բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 

«Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամից ձերբակալում կամ կալանք:

 

Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ մի հատ էլ վարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ նրանց քաշքշելով դատական գործընթացներով առանց որևէ ոստիկանի պատասխանատվության:

 

Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի նպաստեց ատելության խոսքի աճին ու վիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը:

 

Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը իրական ու կեղծ էջերից, ի՜նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարար երաշխիքները` բարոյական արժեքները:

 

Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար: Հանձնարարե´ք ձեր անդամներին ու կողմնակիցներին անհապաղ դադարեցնել վիրավորանքների ու ատելության խոսքի ահագնացած ալիքը, կրակի վրա յուղ լցնելը:

 

Քրեական վարույթ է նախաձեռնված թո´ղ վարույթը տարվի ու իրավական որակվող արարք է թո´ղ հանգամանքները պարզվեն: Ինչո՞ւ եք ավելի խորացնում լարվածությունը:

 

Մյուս որևէ հարցի այս խնդրի հետ կապված այս գրառումով հատուկ չեմ անդրադառնում»:

Քաղաքականություն

Պատահարներ