Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում է նրա նախընտրական ծրագրին և ոչ միայն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսյան ընտրությունների նախօրեին Փաշինյանը ՔՊ–ի հետ միասին հավաստել է, որ ՀՀ-ն աջակցելու է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի կիրառկմանը և Հայաստանն իր քաղաքականության հիմքում դնում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը։

 

«Այն ինչ հիմա անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել։ Բայց նա անում է` փորձելով հղումները կատարել Ալմա Աթայի հռչակագրին միայն մեկ պատճառով, որպեսզի քողարկի այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող ՀՀ առաջին ղեկավարն է»,– ասաց Զուրաբյանը։

 

Նրա հավաստմամբ` Ալմա Աթայի հռչակագիրը ոչ մի կապ չունի նման ճանաչման հետ։ Այն ընդհանուր փաստաթուղթ էր, որը Հայաստանը ստորագրել ու ռատիֆիկացրել է 10 վերապահումով։ Դրանցից մի քանիսը վերաբերում են նրան, որ ասվածը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, քանի որ նախկին ԽՍՀՄ ինքնավարությունները, որոնք հանրաքվեով հաստատել են իրենց անկախությունը, ինքնին կարող են միանալ նշված հռչակագրին։ Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում նախկին ԼՂԻՄ-ի վրա։

 

«Բացի դրանից, 1992 թվականին ՀՀ գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն` Հայաստանի ցանկացած իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Հետևաբար, եթե Փաշինյանն այժմ ֆորմալ կերպով փոխում է այդ կուրսը, ապա ի հայտ են գալիս երկու վերոնշյալ կարևորագույն իրավական խոչընդոտները։Զուտ մեր ճակատագրին վերաբերող հարցում ակնհայտ է` Փաշինյանը հանգել է համոզման կամ նրան բերել են այդ համոզման, որ ձեռք քաշելով Ղարաբաղից, նա գոնե ապահովելու է ՀՀ տարածքի անվտանգությունն ու ինքնիշխանության երաշխիքները, մինչդեռ դա սխալ հաշվարկ է»,– նշեց մեր զրուցակիցը։

 

Զուրաբյանի դիտարկմամբ` երաշխիքներն իրականում կարող են ձեռք բերվել միայն ուժային հաշվեկշռով, հետևաբար հարց է ծագում, թե որն է այն ռազմական մեքենան, որը կարող է չեզոքացնել ադրբեջանաթուրքական սպառնալիքը, եթե այդ տանդեմը որոշի ունենալ նորանոր տարածքային նվաճումներ։

 

«Այժմ ադրբեջանաթուրքական մեքենայի դեմ զսպող դեր է կատարում միայն Ռուսաստանը, որին անշուշտ պետք է գումարել Հայաստանի ռազմական ներուժը, որի դերը, սակայն, բավականին համեստ է։ Եթե ռուսական ներկայությունն ապագայում չլինի, Արևմուտքը պատրաստ չէ իր ռազմական մեքենան անմիջական միջամտությամբ օգտագործել ադրբեջանաթուրքական ալյանսի դեմ»,– հավաստիացրեց ՀԱԿ փոխնախագահը։

 

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան ձգտում արևմտյան հարթակներին` նախընտրելով հիմնախնդրի կարգավորման արևմտյան ձևաչափը, Զուրաբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը շատ ավելի բարդ դիվանագիտական խաղ է խաղում` փորձելով բալանսավորված մոտեցում ցուցաբերել Արևմուտքին և Ռուսաստանին ու ստանալ իր համար նպաստավոր լուծումներ։ Մինչդեռ Հայաստանը մերժում է ռուսական նախաձեռնությունից որոշակի դիվիդենտներ շահելու աշխատանքը և իր ամբողջ դիվանագիտական էներգիան ուղղել է դեպի Արևմուտք։

 

Մանրամասները՝ կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ