«Եթե դուք խախտում եք պայմանավորվածությունը, ապա կզղջաք դրա համար». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների հարցին: Տեղեկտավությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները:

 

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ եթե որևէ մեկը մոլորվի, ապա առավելագույնը երկու օրվա ընթացքում այդ մարդիկ պետք է վերադարձվեն։ Մենք հետևում ենք այդ պայմանավորվածություններին։ Մոլորվածներին պահում ենք առավելագույնը երկու օր, հարցաքննում ենք նրանց և վերադարձնում ՝ և զինվորականներին, և քաղաքացիական անձանց։ Բայց ինչ են անում հայերը։ Նրանք ծեծել են մեր մոլորված զինվորականներին, նվաստացրել նրանց, կապել են և նկարահանել ծեծի պահը, իսկ վերջում նստեցրել ճաղերի հետևում»,- ասել է Ալիևը։

 

Ադրբեջանի նախագահը հավելել է. 

 

«Եթե դուք խախտում եք պայմանավորվածությունը, ապա կզղջաք դրա համար»:

 

Հիշեցնենք՝ Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից մեկը սպանել էր ԶՊՄԿ–ի պահնորդին: 

Նշենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել են։

Նրանց ներկայացվել են կեղծ մեղադրանքներ` ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման հոդվածներով:

Քաղաքականություն

Պատահարներ