«Պետք է միանալ Բելառուս-Ռուսաստան միությանը». Լուկաշենկոն՝ Ղազախստանին

Ղազախստանը կարող է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը, որի պարագայում «միջուկային զենքը կլինի բոլորի համար». այս մասին, ինչպես գրում է vedomosti.ru-ն, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։

 

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական II համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ մատնանշել էր Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության «ֆենոմենը» ԵԱՏՄ-ի կառուցվածքում և «երկուսի համար մեկ միջուկային զենքի առկայությունը»: Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարն առաջարկել էր քննարկել երկրների ինտեգրման տարբեր խնդիրները։

 

Մեկնաբանելով Տոկաևի մտավախությունները՝ Լուկաշենկոն կասկածել է, որ Ղազախստանի նախագահը «անհանգստանում է այդ առնչությամբ»։ Լուկաշենկոյի խոսքով՝ ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու այլ երկրներ ունենան նույն սերտ հարաբերությունները, ինչ Մոսկվան ունի Մինսկի հետ։

 

«Եվ դա շատ պարզ է՝ պետք է միանալ Բելառուս-Ռուսաստան միությանը։ Այդ դեպքում միջուկային զենքը կլինի բոլորի համար։ Սա իմ կարծիքն է, սա ռուսների կարծիքը չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ միավորվելու բացառիկ հնարավորություն ունենք»,- ասել է Լուկաշենկոն։

Քաղաքականություն

Պատահարներ