Ես ինքս եմ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը համարում սխալ. դա պետական քաղաքականության գիծ չէ. Սիմոնյան

Ես ինքս սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, որովհետև դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Նրա խոսքով, արտադատական կարգով հարց լուծելը չի կարող պետական քաղաքականության գիծ լինել:

 

«Չասեք, որ այնտեղ որևէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որևէ պետության ներկայացուցիչ կամ որևէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»,- ասել է նա։

 

Ըստ Սիմոնյանի՝ ցանկության դեպքում թուրքական կողմը կարող է շատ պատճառներ բերել ու Նեմեսիսի արձանի տեղադրման թեման ընդամենն առիթ էր։

 

«Ես էլ, ինչպես Թուրքիայում հայտարարեցի, կարող էի Թուրքիա չգնալու համար մեկ միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորութուն ունեմ, որ կա, ուրեմն հարաբերությունները կարգավորելու եզակի պատմական հնարվորություն է սա։ Հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է անցնել նույնիսկ մեծ քննադատության միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին»,- ավելացրել է Ալեն Սիմոնյանը։

Քաղաքականություն