Դավիթ Գալստյանն առաջարկել է ՊՆ-ին վերադարձնել մատակարարված հրթիռների գումարը. «Անորակ հրթիռներ»-ի գործով նոր մանրամասներ

Վերջին շրջանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի՝ «Անորակ հրթիռներ» անունը ստացած գործի քննության վկաների հարցաքննությունը մոտենում է ավարտին։ Քրգործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենքերի մատակարար, գործարար Դավիթ Գալստյանի, ԳՇ պետի նախկին տեղական Ստեփան Գալստյանի և ևս երեք անձի մասով քննության արդյունքում պաշտպանական կողմի բերված փաստերի ճշմարտացիությունն ապացուցվում է վկաների կողմից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ 

 

Հիշեցնենք՝ ըստ նախաքննական մարմնի, Գալստյանի կողմից 2018 թվականին մատակարարված 4232 հրթիռները ժամկետանց և անորակ են, դրանք կիրառելի չեն եղել, ինչի պատճառով մարտական խնդիր լուծել չեն կարողացել։ Պաշտպանական կողմը, սակայն պնդում է՝ դրանք ոչ միայն կիրառելի են եղել, այլև օգտագործվել են պատերազմների և զորավարժությունների ընթացքում։ 

 

«Եթե նախաքննական մարմինն ասում է՝ անորակ է, առնվազն պետք է փորձաքննություն նշանակի կամ փորձարարական հանձնարարություն տրվի, ինչի արդյունքում նման հայտարարություն անի։ Քննության սկզբում փորձաքննություն անցկացնելու որոշում կար, սակայն հետագայում դա անկատար թողնվեց, մեր հարցին՝ էլ ինչպե՞ս պետք է մեղադրանքն ապացուցվի առանց փորձաքննության, ասացին՝ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չկա։ Հետո գտան ինչ-որ փորձագետի, որի գրեց այն, ինչ պետք էր նախաքննական մարմնին ու դա դրվեց մեղադրանքի հիմքում»,- նշել է Անդրիկյանը։ 

 

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ իրենք առաջարկել են ՊՆ-ին վերադարձնել գումարը, ինչի դիմաց Գալստյանին կվերադարձվեն հրթիռները, սակայն գերատեսչությունը չի համաձայնվել՝ «ապրանքի հետ կապված որևէ խնդիր չունենք» պատճառաբանմամբ. «Չկա գեթ մեկ վկա, որ ցուցմունք տա, որ ապրանքը եղել է ժամկետանց կամ ոչ պիտանի»,- նշում է պաշտպանը։ 

 

Հիշեցնենք՝ 2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ (Պատրոն Դավո) մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ 

 

Ըստ մեղադրող կողմի, 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։ Ըստ նախաքննական մարմնի՝ մատակարարված հրթիռները 1999 թվականին են ստուգվել ու որպես պիտանելիության ժամկետ է նշանակվել 20 տարին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ