Ադրբեջանում ձերբակալվել է նախկին պատգամավոր․ ԶԼՄ-ներ

Ադրբեջանի դատարանը չորս ամսով ձերբակալել է երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր Նազիմ Բեդեմիրլիին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

 

Նշվում է, որ նա մեղադրվում է «սպառնալիքներով շորթման» համար, որը կատարվել է «նշանակալի գույք ձեռք բերելու նպատակով»։ 

 

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Բեդեմիրլին շանտաժի է ենթարկել անանուն քաղաքացուն վերջինիս ինտիմ լուսանկարներով։ Գործով անցնող անձը իբր Բեդեմիրլիին է փոխանցել շորթած միջոցների մի մասը, սակայն պատգամավորը շարունակել է շանտաժի ենթարկել քաղաքացու ընտանիքին, պնդում են ադրբեջանական գերատեսչությունից։ 

 

Միևնույն ժամանակ, երկրի ընդդիմադիր լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալության պատճառ կարող է հանդիսանալ նախկին պատգամավորի մասնակցությունը բնապահպանական բողոքի ակցիային։ 

 

«Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նազիմ Բեդեմիրլիի ձերբակալությունը շորթման կասկածանքով բացարձակ անհեթեթություն է։ Կասկածից վեր է, որ նա ձերբակալվել է Սոյուդլու գյուղում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշման և, մասնավորապես, տեղի բնակիչների պահանջների հիմնավորվածության մասին նրա հայտարարությունների պատճառով»,- գրում են նրանք։ 

 

Հունիսի 20-ին Ադրբեջանի Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառը եղել է մոտակա հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանման ժամանակ քիմիական մաքրման թափոնների արտահոսքի պահեստի կառուցումը, նշում են երկրի ընդդիմախոս լրատվամիջոցները։ 

 

Բողոքի ցույցը բռնությամբ ցրել են ուժայինները, որոնք, ըստ լրատվամիջոցների, օգտագործել են մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ 

Քաղաքականություն

Պատահարներ