ԱՄՆ-ն ԼՂ-ի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

 

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։  

 

Հարց․ Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված։ Կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը։

 

Պատասխան․ Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն  ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։  Ի վերջո, չափից երկար տևած  և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը։

Քաղաքականություն