«Անչափահաս տղան տնից զանգել է և նկարներ ուղարկել». Գիլոյանը մանրամասներ է հայտնել

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։

 

Auroranews-ը մանրամասները ճշտելու համար կապ  հաստատեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, որը մեզ հետ զրույցում  նշեց, թե Նազիկ Ավդալյանը  Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու որևէ միտում չի ունեցել:
 

«Ինքն ամբողջովին պարզաբանել է եղելությունը, որևէ միտում չի եղել:  Անչափահաս տղան տնից նկարներ է ուղարկել և զանգել է: Այդ պահին հեռախոսը լիցքավորված չի եղել, լիցքավորման լարն էլ կարճ է եղել, այդպես կքանստել է, որպեսզի լարը հասնի հեռախոսին` նկարները նայելու համար: Գործողությունը համընկել է, իսկ իրենք էլ փորձել են օգտվել իրավիճակից: Նա արդեն պարզաբանումը տվել է Եվրոպայի ֆեդերացիային, կարծես թե այդ պարզաբանումն ընդունվել է»,- նշեց Գիլոյանը: 

 

Տարածված տեսանյութում երևում է, որ Ավդալյանը կքանստել է, իսկ հիմնի ավարտից հետո՝ կանգնել:

 

Ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում  Գիլոյանը հաստատել էր տեղեկությունը, որ Մոլդովայում, ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։ 

Քաղաքականություն

Պատահարներ