Իրանի ԱԳ նախարարի գրառումը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքվում կառուցողական, հանգամանալից և արդյունավետ քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

«Ակնկալվում է, որ այս հստակ և անկեղծ երկխոսության արդյունքները նոր գլուխ կբացեն երկու բարեկամ, եղբայրական և հարևան երկրների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում և կհիասթափեցնեն երկու երկրների թշնամիներին ու չարակամներին»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

 

Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Բաքվում մասնակցում էր Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, որի շրջանակում հանդիպում է ունեցել Ալիևի հետ։ Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումները, Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերությունները:

 

Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը։ Աբդոլլահիանը նաև հավելել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, սակայն ևս մեկ անգամ շեշտել է՝ Իրանը դեմ է և միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը: Մտքեր են փոխանակվել նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ:

Քաղաքականություն