ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին: Այս մասին փոխանցում է 1lurer.am-ը: 

 

 Այս կերպ արձագանքել է  ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահի կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին, ինչպես նաև նրա խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին:

 

Ըստ նախարարի՝ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրվել ստեղծված իրավիճակի վրա:

 

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի՝ հաշվի առնելով, որ հունիսի 15-ից այս կողմ հնարավորություն չի եղել ո՛չ պարենային մթերք տեղափոխել, ո՛չ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ, միայն Կարմիր խաչի միջոցով շատ սահմանափակ քանակությամբ դեղորայք է տեղափոխվում, և օր օրի ավելի է բարդանում իրավիճակը ներսում»,- մանրամասնել է նախարարը և ընդգծել, որ այս հարցում ռուս խաղաղապահներն է, որ պետք է գործադրեն բոլոր անհրաժեշտ քայլերն իրենց իրավասության շրջանակում:

 

Հարցին ի պատասխան՝ գործադրո՞ւմ են, նախարարը նկատել է, որ եթե գործադրեին, ապա արգելափակում չէր լինի:

 

«Ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակներից մեկը հենց այն է, որ հեղինակազրկեն ռուսական խաղաղապահ առաքելությունը:

Բայց միևնույն ժամանակ պետք է իրատեսական լինենք. այս պահի դրությամբ այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այնքան էլ մեծ չէ կամ այդքան արագ չի կարող տեղի ունենալ: Լուրջ գործընթաց է»,- ասել է նա՝ մատնանշելով նաև առհասարակ միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամը:

 

Հարցին՝ ի՞նչ է ակնկալում ԼՂ-ն՝ Վլադիմիր Պուտինին դիմելուց հետո ինչ-որ բան տեղի կունենա՞, նախարարը կարճ արձագանքել է.

 

«Մենք սպասում ենք»:

Քաղաքականություն