Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի հաղթող. ծանրամարտի ԵԱ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:

 

Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը:

 

81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Ի դեպ, հրում վարժությունում գլխավերևում պահելով 129 կգ կշռող ծանրաձողը՝ Էմմա Պողոսյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների ռեկորդ է սահմանել:

 

Հայ մարզուհին Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող էր դարձել նաև 2022 թվականին՝ մինչև 15 տարեկանների պայքարում:

 

Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Քաղաքականություն