«Խաղաղապահներն իրենց համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի բնակչությունը մատնվում է սովի». Արցախի ՄԻՊ

Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 

«Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։

 

Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։

 

Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»։

Քաղաքականություն

Պատահարներ