Ի՞նչ կարող է անել ԿԽՄԿ-ն, երբ նրա աշխատակիցների ձեռքից անձի են առևանգում. պատասխանում է ներկայացուցչը

Մեր պատվիրակության ղեկավարն ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին, և երկարատև զրույցի ընթացքում հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են երիտասարդների կողմից: Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

 

«Բնականաբար, մենք կարողացել ենք բավականին սպառիչ կերպով ներկայացնել մեր կազմակերպության գործելաոճը, ինչպես է աշխատում այս իրավիճակում կազմակերպությունը, նաև այն մանրուքները, որոնք կարող են ոչ պատշաճ կերպով կասկածվել և թյուրըմբռնման առիթ հանդիսանալ, այն դեպքում, երբ մեր կազմակերպությունը որոշակի ձևաչափով աշխատանքներ տանելով հասցեագրում է այն խնդիրները, որոնք ինքը տեսնում է»,- հավելեց նա։

 

Դիտարկմանը, թե Կարմիր խաչի ներկայացուցիչների ձեռքից առևանգել են մարդուն, ի՞նչ կարող է անել ԿԽՄԿ-ն, Զառա Ամատունին պատասխանեց.

 

«Մեր կազմակերպությունը չունի որևէ ենթակայություն որևէ այլ կազմակերպության, մենք անկախ, չեզոք, անկողմնակալ կազմակերպություն ենք, որի մարդասիրական առաքելությունն ուղղված է կողմերի հետ գտնելու հնարավորություններ կոնֆլիկտներից տառապող մարդկանց, օգնելու և պաշտպանելու: Մենք աշխատում ենք գտնել լուծումներ, բայց մենք չենք գտնում լուծումներ՝ փնտրելով դրանք որևէ այլ տեղ, քան հենց անմիջապես այնտեղ, որոտեղ դրանք տեղի են ունենում»:

 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատուն հստակեցրեց, որ Կարմիր խաչի գործունեությունը չի ենթադրում ուղեկցվել որևէ զինված խմբի կամ բանակի ներկայացուցիչների հետ, իսկ եթե կա սպառնալիք, մենք ուղղակի չենք աշխատում։

 

Զառա Ամատունին անդրադարձավ նաև Բաքվի հիվանդանոցում Վագիֆ Խաչատարյանի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպմանը` նշելով, որ այդ տեսակցության ժամանակ տրվել է հնարավորություն` կապ հաստատելու ընտանիքի հետ։ Ամատունին վստահեցրեց, որ տեսակցության մասին առաջին հերթին տեղեկացնում են ընտանիքի անդամներին, այնուհետեև շատ քիչ տեղեկություններ հայտնում հանրությանը` թե ինչ են նկատել տեսակցությունների ժամանակ կամ ինչի կարիքը կա շտկելու։

 

Քաղաքականություն

Պատահարներ