ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես նույնիսկ չգիտեմ՝ հայրս ո՞ղջ է, սիրտը դիմացել է, թե՝ չկա. առևանգված արցախցու դուստր

Հակարիի կամուրջից այս կողմ ես միայնակ եմ, հարազատներս գտնվում են Արցախում: Այսօր հույսս ձեզանից յուրաքանչյուրն է, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է: Խնդրում եմ բոլորիդ, կանգնեք կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով: Ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս:

 

«Հայրս Երևան էր տեղափոխվում սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր: Բոլոր հիվանդները տեղափոխվել են Հայաստան, միայն հայրիկիս առևանգել են: Մենք ոչ մի տեղեկություն չունենք հորիցս, միայն այն, որ ասել են Բաքվի հիվանդանոցում է»,- ասել է նա:

Խաչատրյանի դուստրը հերքել է հոր մասին շրջանառվող մի շարք տեղեկություններ:

 

«Ադրբեջանն այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացաձակ իրականությանը չեն համապատասխանում: Վերջերս ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Հարգելիսնե՛րս, դա կեղծ լուր է: Նա բավականին հավասարակշռված, զուսպ կերպար է: Այն նկարները, որ համացանցում տարծվում են, իբրև թե հորս երիտասարդ ժամանակվա նկարներն են, ևս իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորս նկարները չեն»,- ասել նա:

Ըստ Վերա Խաչատրյանի Վագիֆ Խաչատրյանը շատ ծանր առողջական վիճակում էր:

 

«Հայրս շատ վատ առողջական վիճակում էր, պետք է բաց վիրահատություն տաներ, ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ նա ողջ է, սիրտը դիմացել է, թե ոչ»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ