Արցախի կառավարությունը պատրաստ է մթերել ցորենի բերքը` անկախ քանակից

Ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների` Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ եթե ունեն ցորենի պահեստավորված բերք, ապա ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից:

Ինչպես նշել են գերատեսչությունից` մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են, ուստի հողօգտագործողներին կոչ են անում  անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել իրենց կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով:

Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:

«Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը:

Հարգելի համայնքի ղեկավարներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն ակտիվություն, հետևողականություն և պատասխանատվություն խնդրի կարգավորման հարցում՝ հացի ճգնաժամը ժամ առաջ որոշ չափով թեթևացնելու մեջ ունենալով ձեր ներդրումը»,- ասված է Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 097243331, 047943501 հեռախոսահամարներով:

Քաղաքականություն

Պատահարներ