ՏԵՍԱՆՅՈՒԹ. «8 հազար դոլարանոց մեքենայի դիմաց պետք է վճարեն 15-20 հազար դոլար դեպոզիտ». բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց

Մի խումբ վարորդներ այսօր՝ օգոստոսի 28-ին, ՊԵԿ-ի դիմաց խաղաղ ակցիա են իրականացրել՝ պահանջելով կանխել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։ Ըստ նախագծի, վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ ավելին։

 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ նոր նախագծով մաքսային գրավի ամբողջ գումարը պետք է միանգամից թողնվի դեպոզիտ, որը դուրս գալուց հետ է վերադարձվելու:

 

«Խնդիրն այն է, որ մարդիկ բերում են 8 հազար դոլարանոց մեքենա, դրա դիմաց պետք է վճարեն 15-20 հազար դոլար դեպոզիտ, որը  անիմաստ է դարձնում պրոցեսը: Այսինքն այն մարդը, որը ունի մի կողմ դրած այդքան գումար դեպոզիտ թողնելու համար, ինքը կնախընտրի գնել ավելի բարձր թվականի արտադրության մեքենա ու հենց Հայաստանից: Եթե այս օրենքն ընդունվեց, ապա մոտ 10 հազար մարդ կա, որից 9 հազարը ստիպված է լինելու իր մեքենան վաճառել եւ գնել հայկական համարանիշներով ավտոմեքենաներ: Ու վաճառելուց լինելու է խնդիր, որովհետեւ մեքենան, որը Վրաստանում գնվել է 8 հազար դոլարով, այստեղ վաճառվելու է 4-5 հազար դոլարով: Որովհետեւ եթե Վրաստանում տարածվի, թե ինչ է կատարվում Հայաստանում, բնականաբար, գները կիջնեն: Ու եթե մարդը էժան վաճառի իր մեքենան, չի կարողանալու նորմալ մեքենա գնել այստեղ: Ստացվելու է, որ մարդու 2015 թվականի մեքենան ավտոմատ դառնալու է 2006 թվականի մեքենա:

 

Ժողովրդի մեջ կա կարծրատիպ, որ լավ է, որ այդ օրենքն ընդունվի, քանի որ ասում են՝ ինչու իրենք չպետք է գույքահարկ մուծեն, ինչու պետք է ավելի մատչելի մեքենա գնեն, քան մենք: Մենք իրականում մուծում ենք: Օրինակ, եթե իմ մեքենան լիներ հայկական համարներով, ես մուծելու էի 30 հազար դրամ գույքահարկ, հիմա 260 հազար դրամ տարեկան մուծում եմ անում՝ վրացական համարներով Հայաստանում վարելու համար: Իսկ եթե այս օրենքն ընդունվի, ստիպված եմ լինելու եւս 15 հազար դրամ գրավ թողնել:

 

Մենք ուզում ենք, որ օրենքը մնա այնպես, ինչպես հիմա կա: Հիմա դա 4 տոկոս է, որը էլի բարձր է, մինչեւ Նոր տարի 2 տոկոս էր, եւ ես վրացական համարանիշներով վարելու համար վճարում էի ոչ թե 260 հազար, այլ 130 հազար դրամ: Հիմա անիմաստ է դարձել վրացական համարներով մեքենաների ներկրումը»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ