ՀՀ ՊՆ-ն՝ Պապիկյանի՝ «Եռաբլուր» չայցելելու վերաբերյալ լուրերի մասին

Ի տարբերություն որոշ գործիչների, պաշտպանության նախարարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելում սեփական փիառի նպատակով: Ներողություն ենք հայցում նահատակների ընտանիքներից ավելորդ շահարկումների համար: Սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել այն մասին, թե պաշտպանության նախարարը 2022 թ.-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Այս մասին գրում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը և հավելում.

 

«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Պաշտպանության նախարարությունը հրապարակում է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախարարի այցի լուսանկարներն ու տեսանյութը և հորդորում ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից։

Պաշտպանության նախարարությունը նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով իրազեկել է, որ պաշտպանության նախարարի՝ «Եռաբլուր» չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ