«Չենք պատրաստվում Սովետական Հայաստանի սահմաններում եղած որևէ բնակավայր կամ տարածք տալ». Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե առաջին անգամ չի, որ խոսվում է այդ մասին։


Թե ինչու պետք է գործընթացը սկսել Տավուշից, ըստ Թորոսյանի, կարող է ունենալ մի քանի բացատրություն. «Առաջինը․ կարևոր է այդ գործընթացը սկսել, որովհետև փաստացի կարող ենք հավերժ խոսել սահմանազատման մասին և երբեք չսկսել։ Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը։ Երկրորդ․ շատ կարևոր, սկզբունքային հանգամանք է (և այդ մասին բազմիցս հայտարարվել է ԱԳՆ-ի, վարչապետի կողմից), որ երկկողմ որոշում կայացնենք, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում»։


Ըստ նրա՝ եթե որոշում կայացվի առաջնորդվել մի քարտեզով, նշանակում է՝ մյուս հատվածներում ևս նույն քարտեզով կաշխատեն։


Թորոսյանը վստահեցրել է. «Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, այլ փաստացի եղած սահմանի իրավական, ռեալ ամրագրում պետք է լինի»։


Նա նաև նշել է, թե «Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել»։


Նա խոսել է նաև տավուշցիների հետ վարչապետի հանդիպման մասին՝ կարևորելով երկրի ղեկավարից բոլոր հարցերը լսելը. «Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ»։


Ըստ նրա՝ եթե սահմանագծման ընթացքում գիծն անցնի որևէ տարածքով, որն այս կամ այն կողմի տիրապետության տակ է, դա պետք է փոխադարձաբար, երկու կողմերի պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմին։

Քաղաքականություն

Պատահարներ