ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվադողեր, դոշակներ, ահավոր գարշահոտություն. մեկնարկել է գետերի հուների մաքրումը

«Ինչ ասես, որ չեն նետում մարդիկ գետ` անվադողեր, դոշակներ, ահավոր գարշահոտություն է»,- պատմում են էրեբունիի բնակիչները:


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է գետերի հուների մաքրումը:


Երևանի քաղաքապետարանն ամեն տարի գարնանն աշխատանքներն իրականացնում է առանձին կազմակերպության ուժերով: Դրա համար գործի է դրվում և իջեցվում հատուկ տեխնիկա: Հիմնական խնդիրը, այսպես ասած, «սեփական տների» հատվածում է:


«Աշխատանքները շարունակվում են մեկ ամիս: Դրանք ընդգրկում են մոտ 18 կմ հատված: Այդպես գետերի հուներն ամբողջ երկայնքով մաքրվում են»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:


Այս օրերին աշխատանքները Ավանի և էրեբունու տարածքում են: «Գետառ»-ի և «Ողջաբերդ»-ի հուներից բացի մաքրվում են նաև ջրանցքները: Փակ՝ թունելային որոշ հատվածներում ամբողջ աղբը դուրս է բերվում ձեռքով:


«Ամեն տարի դուրս է բերվում մոտ 4000 խմ աղբ, որը տեղափոխվում է աղբավայր»,- ասում է կազմակերպության տնօրեն Ալեքսան Հարությունյանը:


Գետերի հուներն առաջնահերթ մաքրվում են ջրի հոսքն ապահովելու համար: Քաղաքի ջրային ռեսուրսները կարևոր են նաև բնապահպանական առումով:


Ի՞նչ անել, որ քաղաքի գետերն ու ջրանցքները չաղտոտվեն՝ պատասխանը մեկն է. չթափել աղբն ու մաքուր պահել այն: Քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ հորդորում է բնակիչներին, տեսնելու դեպքում էլ տուգանում՝ մինչև 50.000 դրամի չափով: Սակայն սա անգամ խնդրի լուծում չէ:


«Մարդիկ չեն հասկանում, որ սա գնում է Երևանյան լիճ և այնտեղից էլ Արարատյան դաշտավայր ու վտանգավոր է աղտոտումը»,- նկատում են բնակիչները:


Գետերի հուները մաքրվում են նաև տարվա ընթացքում: Քաղաքն այս աշխատանքների համար ավելի քան 38 մլն դրամ է ծախսում:

Քաղաքականություն

Պատահարներ