«Կրոկուսի» ահաբեկչության կազմակերպիչները ևս մեկ ահաբեկչություն էին նախատեսում. ԶԼՄ

«Կրոկուս Սիթի Հոլի» վրա ահաբեկչության կազմակերպիչները զուգահեռ ևս մեկ ահաբեկչություն Էին նախապատրաստում՝ Միջին Ասիայի երկրներից մեկում, բայց այն հաջողվել է կանխել։ Այս մասին գրել է «Իզվեստիան»՝ հղում կատարելով աղբյուրին։


Լրատվամիջոցի զրուցակիցը չի նշել այն երկիրը, որտեղ պատրաստվում էր ահաբեկչությունը, բայց նշել է, որ այն պետք է տեղի ունենար մոտավորապես նույն ժամանակ, ինչ և «Կրոկուս սիթի հոլի» հարձակումը։ Աղբյուրը նշել է մինչ այժմ անհայտ մանրամասներ Մոսկվայում ահաբեկչության պատրաստման մասին։ Նրա խոսքով՝ հանցագործներն այրել են համերգասրահը սովորական բենզինով։


««Կրոկուս» տանող ճանապարհին նրանք մտել են լցակայան, բենզին գնել եւ այն լցրել պլաստիկե շշերի մեջ։ Հետո օգտագործել են սրահն այրելու համար»,- նշել է պարբերականի զրուցակիցը։


Նա ավելացրել է, որ խումբը դասական իմաստով կազմակերպված հանցավոր խումբ չէր, գոյություն չի ունեցել որեւէ կառույցի շրջանակում, այլ ձեւավորվել է տառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Ահաբեկչության մասնակիցներից երկուսը հրահանգներ են ստացել, երբ գտնվել են Թուրքիայում, իսկ մյուսները հավաքագրվել են արդեն Ռուսաստանի տարածքում, նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Քաղաքականություն