Հայկ Մարությանը նոր կուսակցություն ունի. ովքեր են ընդգրկված լինելու կազմում. «Ժողովուրդ»

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Նոր ուժ»: Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


«Հայկ Մարությանը դեռ ամիսներ առաջ՝ ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո էր հայտարարել, որ չի հեռանալու քաղաքականությունից, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:


Իսկ ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ընդգրկված են լինելու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների մեծամասնությունը՝ Արամ Թորոսյանը, Հովսեփ Կուբաթյանը, Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը եւ այլոք:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ որքան էլ անսպասելի է, բայց Իզաբելլա Աբգարյանը չի լինի «Նոր ուժ» կուսակցությունում։


«Ես անպայման աջակցելու եմ իմ թիմակիցներին, բայց ես որեւէ կուսակցության երբեւէ չեմ անդամակցել: Այս փուլում նախընտրում եմ կենտրոնանալ ավագանիում մեր խմբակցության գործունեության եւ քաղաքի խնդիրների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:


Ի դեպ, Մարությանի թիմակիցները մեզ հետ զրույցում չբացառեցին նաեւ, որ ինչ-որ փուլում, հնարավոր է, դաշինքի ֆորմատով համագործակցեն «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, որի կազմով մասնակցեցին ավագանու վերջին ընտրություններին»,– գրում է օրաթերթը:

Քաղաքականություն

Պատահարներ