ԱՄՆ սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը

ԱՄՆ սենատը մի քանի ամսվա ձգձգումներից հետո հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին և ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան գործընկերներին։


Սենատի 79 անդամ աջակցել է օրինագծին, իսկ 18-ը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Այսպիսով, ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներն էլ հավանություն են տվել օրինագծին։ Այժմ այն ստորագրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: 


Նշվել է, որ Բայդենն արդեն ապրիլի 24-ին կստորագրի օրինագիծը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիև։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:


«Ես կստորագրեմ այս օրինագիծը, որպեսզի մենք կարողանանք այս շաբաթ սկսել զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բայդենը։


Օրինագծերի փաթեթը, որն ապրիլի 20-ին ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 26 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային և 8 միլիարդ դոլարի հատկացում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։


Փաթեթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և իրանական նավթի արտահանումը սահմանափակող միջոցներ։





Քաղաքականություն

Պատահարներ