Մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին․ Արամ Ա-ն՝ Էրդողանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցին։


«Պարոն Էրդողան, որտեղի՞ց եկան այս աճյունները մեր նահատակների Օսմանյան Կայսրության սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ, քո պապերի կողմից, ցեղասպանություն էր՝ ծրագրված եւ գործադրված պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք մեկ պահանջատիրությամբ: Հետեւաբար մենք չպետք է լռենք: Արթուն եղիր ժողովուրդ հայոց:


Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նոր համաթուրանական շարժումը սկսել է կազմավորվել Կովկասի մեջ, եւ փորձ կկատարվի խեղդել Հայաստանը այս շարժման օղակում: Հայաստանի ցեղասպան դրացիներն այնպիսի պայմաններ կդնեն Հայաստանի դիմաց, պայմաններ, որոնք եթե ոչ այսօր, վաղը պետք է վտանգեն Հայաստանի գերիշխանությունը, նույնիսկ Հայաստանի գոյությունը:


Մենք մերժում ենք ուրիշներին ենթակա դառնալ՝ միակողմանի զիջումներ կատարելով եւ դրանց դիմաց ոչինչ չստանալով:


Մենք մերժում ենք պարտադրված կացություններ ընդունելու վտանգավոր մոտեցումը ու շեշտում ենք աշխարհաքաղաքական նոր իրականությունների դիմաց նոր ռազմավարություն եւ մարտավարություն ճշտելու հրամայականը:


Մենք մերժում ենք համակերպվել այնպիսի կացությունների, երբ դատելին կդառնա դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը՝ իրավատեր:


Մենք արարություն ենք պահանջում: Աշխարհաքաղաքական շահերի ու ուժի քաղաքականության դիմաց մենք միջազգային օրենքի գերակայությունն ենք պահանջում:


Մենք պահանջում ենք Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենի հողը, եւ իր իրավունքների վերահաստատումը միջազգային երաշխվորությամբ:


Մենք պահանջում ենք Ադրբեջանի կողմից անարդարորեն ձերբակալված բոլոր գերիների ազատ արձակումը:


Մենք պահանջում ենք Օսմանյան Կայսրության կողմից մեր ժողովրդի դեմ գործադրած Ցեղասպանության ճանաչումը եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցումը»,-ասել է նա:


Արամ Առաջինը նաև ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Նա մասնավորապես ասել է․ «Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է»։



Քաղաքականություն

Պատահարներ