Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել․ Զախարովա

Հայկական ղեկավարությունն ինքն է ընդունում, որ պետք է սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայկական կողմի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիրքորոշման վերաբերյալ:


Զախարովան ափսոսանք է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատության շարունակման կապակցությամբ:


Նրա խոսքով՝ կազմակերպության քարտուղարությունը հաստատել է Հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը՝ ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան:


«Որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը։ Հայ-ադրբեջանական սահմանի դեպքում, ինչպես հասկանում ենք, և Բաքվում, և Երևանում համաձայնել են առաջնորդվել 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրով», – ասել է ռուս դիվանագետը։


Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Հայաստանի ղեկավարությունն ինքը խոստովանում է, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակներում պետք է տեղանքում ճշտել Ադրբեջանի հետ սահմանագիծը: Երեւանն ընդունում է, որ պետք է լուծել վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը, հավելել է նա։


«Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել, թե՞ այստեղ էլ է ՀԱՊԿ-ը մեղավոր», - ասել է Զախարովան։

Քաղաքականություն

Պատահարներ