Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին

Ցավում եմ, որ ապրիլի 24-ին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին խոսելուց մեկ նախադասությամբ անդրադարձ չի կատարվել Հայոց Ցեղասպանությանը։ Այս մասին, անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահի հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում ուղարկելու վերաբերյալ հայտարարությանը, ասել է Ալեն Սիմոնյանը։


Նա նշել է, որ հարցումը դեռևս չի ստացել։


«Թող գա նամակը, հասկանանք՝ ինչ են գրել, ինչ չեն գրել։ Համաժողովի անվանումը եղել է «Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա»։ Ես անօրինական բառն իջեցրել եմ, որ հանկարծ իրենց հույզերի հետ չխաղամ։ Իմ ելույթի մեջ որևէ բան չկար, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին, իրենց արված հայտարարություններին ու իրենց կողմից ստորագրված պայմանագրերին։ Ի՞նչ նոր բան եմ ասել, Հայաստանը չի ճանաչո՞ւմ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի՞նչն եմ նոր ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել։ Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան էլ չի ճանաչել, Թուրքիան հատուկ ասել է, որ Ղրիմը չի ճանաչում։


Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ։ Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջոցառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասել է Սիմոնյանը և ընդգծել. «ՀՀ-ն ճանաչում է բոլոր հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը»։

Քաղաքականություն

Պատահարներ