«Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին». Բագրատ Սրբազան

Այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժումն է՝ սպիտակի, ճերմակի, եռագույնի խորհուրդն է։ Այսքան հակադրություններով մարդիկ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։


«Գրված է, որ եռագույնը հաղթելու է սևին ու սպիտակին, ուզո՞ւմ եք հաղթի, թողեք գնանք մեր եռագույնով։ Գեղեցկությունն այն է, որ այստեղ ժամանակի մեջ իրար հակադրվող գաղափարական ու կողմնորոշում ունեցող տասնյակ կազմակերպություն ու կուսակցություն, որ իրար չէին հանդիպի փողոցում հիմա բոլորը այստեղ են»,- նշեց նա։


Բագրատ Սրբազանի խոսքով՝ առավոտյան վեր են կացել ու ինչ-որ արժեքների մասին են գրել, հանկարծ հիշել են, որ արժեքներ կան։


«Այս շարժումը հաշտության մասին է՝ ատելության ու թշնամության մասին չէ։ Ինչ-որ լինելու է ընթացքում լինելու է, ես մի բան գիտեմ՝ ճշմարտությունը հաղթելու է։ Առաքյալն ասում է, որ նեղություններն ու կապանքները ոչինչ են մեզ համար, երբ մենք խոսում ենք ճշմարտության և արդարության մասին։ Մեր տերն ասում է՝ ով համբերի՝ նա կյանք կունենա»,- ասաց նա։


Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանին զայրացրել են խոսքերն այն մասին, որ տաճարը հաղթելու է փողոցին, Սրբազանն ընդգծեց․


«Դե իրենք փողոցում են, իրենք փողոցից տուն չեն եկել, մնացել են փողոցում, տեսնո՞ւմ եք իրենց բառապաշարը, խոսելաձևը։ Օրինակ բորդյուր լիզելու արտահայտությունը փողոցային չէ՞, մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին»։

Քաղաքականություն

Պատահարներ