Օրվա լրահոս

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի հայկական վարորդական իրավունքները կարողանան ճանաչվել նաև ՌԴ տարածքում:

Հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավունք: Իսկ հուլիսի 14-ին ՌԴ Պետական դուման երրորդ ընթեցմամբ ընդունել է օրինագիծ, որով թույլատրվում է Ղրղզստանի քաղաքացիներին որպես վարորդ աշխատել Ռուսաստանում առանց ՌԴ վարորդական իրավունքներ ստանալու:

«Միայն մի բան կարող եմ ասել՝ ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու և այդ դեպքում օրենքի նորմը ինքնաբերաբար կվերաբերի նաև Հայաստանին»,-ասել է Վոլոիդնը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ-ում Հայաստանում տրված վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել է Բաբլոյանը: Նա ասել է, որ Պետդումայի կողմից Ղրղզստանի քաղաքացիների համար բացառություն անող օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացի վարորդները փաստացի խաղից դուրս են հայտնվել:

«Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք շեշտել ենք, որ նորմը գործելու է միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենի պաշտոնական կարգավիճակն ամրագրված է սահմանադրության մեջ, ֆիքսված է օրենսդրորեն»,-պարզաբանել է Վոլոդինը:

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը:

Վերջին նորություններ