Առողջապահության նախարարությունը Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին հորդորում է դիմել բժշկի
Հայաստանի առողջապահության նախարարության պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հանրապետությունում կարմրուկ հիվանդության առկայության մասին՝ միևնույն ժամանակ, մարդկանց մի խմբի հորդորել դիմել համապատասխան մասնագետների: «Դեկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է՝ վարակված են: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում ենք դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601»,- գրել է նա: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Առողջապահության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից:

Քաղաքականություն

Պատահարներ